Անցյալ տարի իշխանությունների դեմ պայքարում նախադեպը չունեցող ակտիվություն ցուցաբերեցին ազատամարտիկները, որոնք ժամանակ առ ժամանակ հրավիրում էին հանրահավաքներ Ազատության հրապարակում: Հավանաբար, տեսնելով, որ դրանք արդյունավետ չեն, ինչ-որ պահից նրանք դադարեցրին հանրահավաքները:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, ով հանրահավաքների նախաձեռնողներից էր, irates.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ կգա մեկ օր, երբ ժողովուրդը կհամախմբվի և իր «ոչ»-ը կասի գործող վարչախմբին: Այս ընթացքում ազատամարտիկները հանդիպում և խորհրդակցում են իրենց հետագա անելիքների մասին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հետ:
Հունվարի 18-ին ԱԺ չորս ընդդիմադիր քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքը՝ ընդդեմ կուատակային կենսաթոշակային համակարգի ներդրման Սուրեն Սարգսյանը համարում է ոչ արդյունավետ:
«Դա պատին խփվող ակցիա է, ո՞ւմից են պահանջում արդար որոշում, Գագիկ Հարությունյանի՞ց, ով հանցակից է իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Ինչպե՞ս կարող է նա կայացնել արդար որոշում, երբ երբևէ նման քայլ չի արել»,- մեր զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ մինչև չկարողանան հեռացնել գործող վարչախմբին՝ թե՛ կենսաթոշակային համակարգին, թե՛ գազային պայմանագրին վերաբերող հարցերը շարունակելու են մնալ չլուծված:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ